
«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Հայկական համալսարան» կրթական ծրագրի 2022-2023 ուսումնական տարվա երկրորդ հոսքի ընդունելություն։
Ի՞ՆՉ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ»
«Հայկական համալսարանը» հայկական բացառիկ միջգիտակարգային դասընթաց է, որտեղ համադրված են հասարակագիտության և հումանիտար գիտությունների մի քանի հիմնական գիտակարգեր՝ քաղաքագիտությունից մինչև տնտեսագիտություն ու սոցիոլոգիա, միջազգային հարաբերություններից մինչև արևելագիտություն և փիլիսոփայություն։ 2021-2022 թթ. ուսումնական տարում «Հայկական համալսարանն» ունեցավ ավելի քան 70 շրջանավարտներ։
«Հայկական համալսարանի» նպատակն է ժամանակակակից գիտական մեթոդաբանության և մոտեցումների միջոցով ներկայացնել Հայաստանի անմիջական շրջապատի՝ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում (աշխարհա)քաղաքական և սոցիալ-մշակութային առանցքային գործընթացները և դրանց ազդեցությունը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա, ինչպես նաև սովորեցնել անհրաժեշտ հետազոտական հմտությունները վերոնշյալ միտումներն ու զարգացումներն ինքնուրույն վերհանելու և վերլուծելու համար։
Դասընթացը բաժանվում է երկու հիմնական բաժինների՝ տեսական դասախոսություններ հասարակագիտական և հումանիտար գիտություններից (քաղաքագիտություն, սոցիոլոգիա, մարդաբանություն, տնտեսագիտություն, պատմություն) և գիտակիրառական դասախոսություններ Մերձավոր Արևելքի և Հայաստանի քաղաքական և սոցիալ-մշակութային ներկայիս կարևորագույն գործընթացների վերաբերյալ։ Դասընթացը ներառում է նաև սեմինարներ, գիտակիրառական աշխատանքներ, արտագնա դասախոսություններ և գիտարշավներ։
«Հայկական համալսարանում» դասավանդում են ավելի քան 40 մասնագետներ՝ Հայաստանից և արտասահմանից, այդ թվում գիտնականներ, փորձագետներ, պետական գործիչներ, գործարարներ։
Հայկական համալսարանի շրջանավարտն ունենալու է.
- Հասարակագիտության ամենաառաջանցիկ գիտելիքները,
- Հայաստանն ու տարածաշրջանը հասկանալու տեսական և կիրառական հմտություններ,
- Քաղաքականությունն ինքնուրույն վերլուծելու և հասկանալու կարողություն,
- Հայաստանյան լավագույն մասնագետների համատեղ աշխատելու և ամենաարդիական թեմաները քննարկելու առիթներ,
- «Հայկական համալսարանի» երաշխավորությունը աշխատանքի անցնելու հարցում,
- Գաղափարակից ընկերներ ու գործընկերներ։
ԺԱՄԿԵՏՆԵՐ, ՁԵՎԱՉԱՓ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Դասընթացն անվճար է, տևելու է 18 շաբաթ, աշխատանքային օրերին, երեկոյան 18:30-21:30-ը, շաբաթական երեք անգամ, առկա ձևաչափով։ Մասնակցությունը ողջ դասընթացին պարտադիր է։ Դասընթացի մեկնարկելու է 2023 թ. փետրվարին, «Հայկական նախագիծ» ՀԿ երևանյան գրասենյակում։
Դասընթացը նախատեսված է ինչպես ուսանողների և ասպիրանտների, այնպես էլ լրագրողների, երիտասարդ փորձագետների, հասարակական գործիչների և հասարակայնության ակտիվ ներկայացուցիչների համար։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունվարի 28-ը ներառյալ լրացնել ներքոբերյալ այս հայտաձևը (առաջին փուլ)՝ վերջում ներառելով ձեր էսսեն (500-700 բառ)։ Հայտերի հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի (երկրորդ փուլ)։ Տեղերը խիստ սահմանափակ են։
Հարցերի դեպքում գրե՛ք մեր էլեկտրոնային հասցեին ([email protected]) կամ ֆեյսբուքյան էջին։
