Հայկական համալսարանը մեկնարկել է 2021 թ․-ին «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ կողմից։ Այն ազգային բացառիկ կրթական ծրագիր է, որի հիմքում ընկած է միջգիտակարգային դասընթաց։ Վերջինս համադրում է հասարակագիտական և հումանիտար գիտությունների մի քանի հիմնական գիտակարգեր՝ քաղաքագիտությունից մինչև տնտեսագիտություն ու սոցիոլոգիա, միջազգային հարաբերություններից մինչև պատմագիտություն, ինչպես նաև ընդհանրական, մտածողական, ինֆորմացիոն գրագիտության և հետազոտական հմտություններ։ Անցնող չորս ուսումնական տարիներին Հայկական համալսարանը թողարկել է 290 շրջանավարտ։
Դասընթացը ներառում է տեսական դասախոսություններ, գիտակիրառական խաղեր, վարպետության դասեր, գործնական աշխատանքներ և արտագնա դասախոսություններ։ Հայկական համալսարանի անբաժան մաս է կազմում Հայկական ճամբար կրթաճանաչողական ծրագիրը։ Անցնող 4 ուսումնական տարիներին կազմակերպվել է ամառային և ձմեռային 6 ճամբար Հայաստանում և Իրանի Իսլամական Հանրապետությունում։
Հայկական համալսարանում դասավանդում են շուրջ 90 մասնագետներ Հայաստանից (ներառյալ՝ Արցախից) և արտերկրից, որոնց թվում՝ գիտնականներ, փորձագետներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, պետական գործիչներ, ռազմագետներ, գործարարներ։ 2023 թ․ մայիսի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած հանդիպման ժամանակ Հայկական համալսարանի շրջանավարտներին և դասախոսական կազմին իր հայրապետական օրհնությունն է բաշխել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Հայկական համալսարանը նպատակ ունի նպաստել հայաստանյան մարդկային-ինտելեկտուալ կապիտալի զարգացմանը, ազգային արժեքների և ազգային շահերի գիտահեն ընկալման հիման վրա փոխանցել միջազգայնորեն մրցունակ գիտելիքներ և հմտություններ, նպաստել ներկայիս պայմաններում հայկական շահի տեսանկյունից ճիշտ կողմնորոշվող և սոցիալական փոփոխություն իրականացնելու պատրաստ երիտասարդության զարգացմանը։
Հայկական համալսարանի շրջանավարտն ունենալու է
-
- հասարակագիտական և հումանիտար առաջանցիկ գիտելիքներ,
-
- քաղաքականությունն ինքնուրույն հասկանալու տեսակիրառական հմտություններ,
-
- տրամաբանական, փաստարկային և այլ փափուկ հմտություններ,
-
- համապատասխան ոլորտների լավագույն մասնագետների հետ համատեղ աշխատելու առիթ և հնարավորություն,
-
- Հայկական համալսարանի երաշխավորությունն իր ուսումնաաշխատանքային հետագա գործունեության ժամանակ,
-
- գաղափարակից ընկերների ու գործընկերների ակտիվ շրջանակ,
-
- ձեռքբերված գիտելիքների և հմտությունների շնորհիվ «Հայկական նախագծի», այդ թվում՝ «Հայկական համալսարանի միության» շրջանակներում հասարակական նշանակության նախագծերի հղացման և իրականացման հնարավորություն,
-
- ավարտական կամ մասնակցության վկայական։
Ո՞ՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ
Դասընթացը նախատեսված է
-
- ֆորմալ բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողների,
-
- հայկական հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդների,
-
- առանձին դեպքերում նաև՝ միջին և ավագ սերնդի ներկայացուցիչների համար։
Ո՞ՐՈՆՔ ԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Դասընթացն ԱՆՎՃԱՐ է։
Տևողությունը՝ 20 շաբաթ։
Ձևաչափը՝ առկա (կենդանի)։ Դասերն անցկացվում են «Հայկական նախագիծ» ՀԿ գրասենյակում երկուշաբթի-չորեքշաբթի-ուրբաթ օրերին՝ ժ․ 18:30-21:30-ը, կամ երեքշաբթի-հինգշաբթի-շաբաթ օրերին՝ ժ․ 18։30-21։30, իսկ շաբաթ՝ ժ․ 12։00-15։00։
Գնահատումն իրականացվում է ունկնդրի միջանկյալ և ավարտական քննությունների, գործնական առաջադրանքների արդյունքների և հաճախության հիման վրա։
Մասնակցությունն ամբողջ դասընթացին պարտադիր է։
Ի՞ՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել ընդունելության երկու փուլերը։ Առաջին փուլին մասնակցելու համար հարկավոր է ամբողջությամբ լրացնել այս հայտաձևը։
Ընդունելության երկրորդ փուլը ներառում է դիմորդի հետ կենդանի հարցազրույց։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն առաջին փուլն անցած դիմորդները։ Դիմորդների ընտրությունն իրականացվում է մրցութային հիմունքներով։ Տեղերը սահմանափակ են։
Հարցերի դեպքում գրե՛ք մեզ։
